ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Համարյա հերթապահ հաղթանակների տուր

Համարյա հերթապահ  հաղթանակների տուր
03.12.2013 | 12:18

Հետաքրքիր զարգացումներ են ֆուտբոլային եվրոպական գերտերությունների առաջնություններում: Եթե դրանցից միայն երկուսում` իսպանականում ու գերմանականում են երկրագունդն ու ֆուտբոլային գնդակը բացառապես կամ գրեթե բացառապես պտտվում նույն եռյակի շուրջը, ապա մյուսներում ֆուտբոլային կյանքն անհամեմատ ավելի հետաքրքիր ընթացք ունի: Սակայն ասվածը չի նշանակում, թե առաջին երկուսում խաղերը պակաս գեղեցիկ են: Քավ լիցի` ոչ մենք նման բան ասացինք, ոչ էլ դուք կասկածեցիք: Հետաքրքիր է նշել, որ վերնագրի մեջ «համարյա» բառը հայտնվել է վերջին պահին, երբ ամբողջապես պատրաստ նյութին պակասում էր միայն «Աթլետիկ»-«Բարսելոն» հանդիպման արդյունքը: Ասենք միանգամից` առանց մեզ ու ընթերցողին չարչարելու. կատալոնցիները պարտվեցին: Որոշիչ եղավ Մունիաինի խփած միակ գոլը: Որքան էլ ծանր է խոստովանել, բասկերն իսկապես արժանի էին հաղթանակի ճիշտ նույնչափ, որչափ եղածը տեղին էր կատալոնցիներին ու միանգամայն նրանց «հագով», քանզի այդպես չի կարելի խաղալ ու ոչ էլ հղփանալ` կարծելով, թե հաղթանակները կգան նաև առանց Մեսիի: Արգենտինացին եթե անգամ համակարգի մասնիկ էլ է, ինչպես միամտորեն կարծում են ոմանք, ապա այնպիսի մասնիկ է, որը գործի է գցում ողջ համակարգը: Իսկ ընդհանրապես սա «Բարսելոնի» երկրորդ պարտությունն էր վերջին երկու խաղում: Չարությամբ չեմ ասում, բայց եկեք չմոռանանք, իսկապես չմոռանանք Չեմպիոնների լիգայի խմբայինում «Այաքսի» հասցրած շառաչուն ապտակը: Այնպես որ` մտածելու բան կա շատերիս ու… ոմանց համար: Այդ թվում և նրանց, ովքեր կարծում են, թե Նեյմարն արգենտինացուն հավասար մեծություն է: «Բարսելոնի» այս պարտությունը հնարավորություն տվեց հյուրընկալվելիս նախօրեին «Էլչեին» 2:0 հաշվով հաղթած Մադրիդի «Աթլետիկոյին՞ միավորներով հասնելու կատալոնցիներին ու վայելելու երկիշխանության հաճույքը: Ինչ վերաբերում է մայրաքաղաքային մյուսին` «Ռեալին», սեփական հարկի տակ, Ռոնալդուի բացակայության պայմաններում չորս անպատասխան գնդակով հեշտ ու թեթև լուծեց «Վալյադոլիդի» հաշիվն ու առաջատար եռյակից հետ է մնում ընդամենը երեք միավորով: Այստեղ հեթ տրիկի հեղինակ է դարձել Գարեթ Բեյլը, ով ոնց որ թե, ի տարբերություն ոմանց, արդարացնում է իր վրա ծախսված ահռելի փողերը: Ի տարբերություն իսպանականի, բունդեսլիգայի առաջատար եռյակը չշեղվեց որդեգրած ուղուց` հաղթանակով ավարտելով օրվա հանդիպումները: «Բավարիան» բնականաբար խնդիր չէր էլ կարող ունենալ աղյուսակը եզրափակող Բրաունշվայգի «Այնտրախտի» հետ` 2:0: «Բայերը» նույնպես ջանադիր եղավ «Նյուրնբերգի» հետ հաշիվները պարզելու հարցում (3:0), ու սա ավելի քան տեղին էր Չեմպիոնների լիգայի խմբայինում «Շախտյորից» կրած խայտառակ պարտությունից հետո: Ինչ վերաբերում է «Մայնց»-«Բորուսիա» առճակատմանը, Կլոպի նախկին թիմը ներկայինիս փորձեց ատամ ցույց տալ, սակայն դա բավարար չեղավ արդյունքի հասնելու համար: Տանտերերը պարտվեցին 1:3 հաշվով: Այս խաղը հայերիս համար, ինչ խոսք, որոշակի դառը նստվածքով եղավ, քանզի բավական տգեղ խոչընդոտվեց տասնմեկմետրանոցն իրացնելու Հենրիխ Մխիթարյանի ցանկությունը, սակայն հետխաղյա ասուլիսում Կլոպը պարզաբանեց ամեն ինչ, ու ելած սրտներս փոքր-ինչ հանգստացան: Այդ թվում նաև Մխիթարյանից ներողություն խնդրելու մոմենտով, թե չէ, հա, հանկարծ չմոռանան, որ Բեռլին էլ, Վարշավա էլ ոչ միայն մտած, այլև ոտքի տակ տված ազգ ենք, ու թե իրենք չգիտեն կամ չեն հիշում, մենք հիշում ենք, ավելին, սեփական կենսագրության պես գիտենք թե Նվեր Սաֆարյանին, թե Հայկ Բժշկյանցին: Թե գեներալներից հատկապես ինչու այս երկուսին հիշեցինք, կարծում եմ, մեր խորագիտակ ընթերցողը գլխի ընկավ. կոնկրետ բանի մասին էինք խոսում, կոնկրետ անուններ հիշատակեցինք, թե չէ ոչ գեներալների, ոչ էլ մարշալների պակաս չունենք: Ռազմարվեստն էլ հո ֆուտբոլ չէ, որ մեկն ունենանք: Այնպես որ, գեներալ տղա ենք գործուղել, ուժերն օգտագործեք: Ձեր իսկ շահի համար: Էսքան բան: Ֆրանսիայի առաջնությունում արտագնա խաղում «Լիլը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Վալանսիենի» նկատմամբ ու արդեն մի քանի տուր շարունակում է վստահորեն զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: Նրան ընդամենը մեկ միավորով զիջող «Մոնակոն» նույնպես հաղթանակ տոնեց: Մրցակիցը, որն առաջնության հետնապահներից մեկն էր` «Ռենը», պարտվեց 0:2 հաշվով: Նշենք, որ վնասվածքի պատճառով խաղին չի մասնակցել «Մոնակոյի» հարձակման գծի առաջատար Ռադամել Ֆալկաոն: Չեմպիոնական մրցավազքում իր հիմնական մրցակիցների հաջողության ֆոնի վրա պակաս հնչեղությամբ չներկայացավ և ՊՍԺ-ն` չորս գնդակի առավելությամբ հաղթանակի հասնելով «Լիոնի» նկատմամբ: Փայլուն է գործել ֆրանսիացիների ողջ հարձակման գիծը: Մեկական գոլ Էդինսոն Կավանիի ու Տյագո Սիլվայի ակտիվում է, իսկ Զլատան Իբրահիմովիչը հեղինակել է դուբլ: Իտալիայի առաջնությունում փայլուն մեկնարկից հետո արդեն չորրորդ անընդմեջ ոչ-ոքին է անում «Ռոման», որն արտագնա խաղում, շնորհիվ Կևին Ստրոտմանի գոլի, հանդիպման իննսուներորդ րոպեին է միայն հաջողեցրել խուսափել պարտությունից: Բնականաբար, «գայլերի» այդ վրիպումից չէր կարող չօգտվել երկրի գործող չեմպիոն «Յուվենտուսը», որը դեռևս նախորդ տուրում էր ստանձնել աղյուսակի առաջատարի պարտականությունները: «Ծեր սինյորան» ջանադիր եղավ «ՈՒդինեզեի» հետ խաղում ու արդեն ամբողջ երեք միավորով է առաջ «Ռոմայից»: Նվազագույն հաշվով հաղթանակը կորզվել է մրցավարի ավելացրած վերջին րոպեին: Գոլը խփել է Լիորենտեն: Իր հերթին վերջինիս շոշափելիորեն կարող էր մոտենալ «Նապոլին», եթե առավելության հասներ «Լացիոյի» նկատմամբ, թեպետ, անգամ պարտության դեպքում, նեապոլցիները կշարունակեն մնալ երրորդ հորիզոնականում: Այդ խաղը կայացել է երեկ ուշ երեկոյան: Անգլիայի պրեմիեր լիգայում Արսեն Վենգերի գեղեցիկ ու դիտարժան խաղ ցույց տվող «Արսենալը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Կարդիֆ Սիթիի» դարպասն ու երեսունմեկ միավորով շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը: Չեմպիոնական ամբիցիաներ ունեցող մյուս թիմը` «Չելսին», ծանր սկսեց խաղը «Սաութհեմփթոնի» հետ` գոլ բաց թողնելով առաջին իսկ րոպեին: Ի դժբախտություն հյուրերի, լոնդոնցիները երկրորդ խաղակեսում դարձան երեք անպատասխան գոլի հեղինակ: Մոուրինյոյի թիմն այս հաղթանակից հետո ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում: Առաջատար եռյակում երկրորդ փոփոխության հեղինակը դարձավ «Մանչեստր Սիթին», որը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Սուոնսիին» ու լավագույնս օգտվեց «Հալ Սիթիի» հետ խաղում 1:3 հաշվով զիջած «Լիվերպուլի» վրիպումից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ